Մարվից Հիցը իր ֆուտբոլային կարիերան սկսել է շվեյցարական «Սանկտ Գալլեն» ակումբի երիտասարդական թիմում։ 2007 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Իվերդոն Սպորտ», որտեղից էլ՝ «Վինտերտուր»։ Այստեղ էլ Հիցը երկար չի մնում և նույն տարում տեղափոխվում է գերմանական «Վոլֆսբուրգ», որտեղ նա հիմնական թիմի երրորդ և երկրորդ թիմի հիմնական դարպասապահն է դառնում։ Ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիր էր կնքել մինչև 2011 թվականը։
2009-10 մրցաշրջանի Եվրապայի Լիգայի՝ իսպանական «Վիլյառեալի» դեմ 1/16 եզրափակչի խաղում Հիցը առաջին անգամ պաշտպանում էր հիմնական թիմի դարպասը։ Այսպիսի հնարավորություն նա ստացել էր իր թիմակից և հայրենակից Դիեգո Բենալիոյի ծանր վնասվածքի շնորհիվ։ Բունդեսլիգայի շրջանակներում անցկացրած առաջին հանդիպումը «Շալկե 04-ի» դեմ էր։ Այդ խաղում նա բաց թողեց մեկ գնդակ, ինչը չխանգարեց «Վոլֆսբուրգին» խաղը հաղթել 2:1 հաշվով։ Հիցը ակումբի դարպասը պաշտպանեց 1/16 եղրափակչի պատասխան և 1/8 եզրափակչի երկու խաղերում։
«Վոլֆսբուրգի» հետ կնքած պայմանագրի ավարտից հետո Հիցը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է «Աուգսբուրգ»։ 2014-15 մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» դեմ հանդիպման ժամանակ Հիցը ավելացված 4-րդ րոպեին դառնում է գոլի հեղինակ՝ իր ակումբին փրկելով վերահաս պարտությունից[3]։